четверг, 20 октября 2016 г.

Միսաք Մեծարենց

Misaq-MecarencԿենսագրություն
Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի  Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։
1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա(Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում,իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին,եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։ 
1901թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1902 թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։  Այդ ընթացքում 1903թ.-ից աշխատակցում էր «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907թ.-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսնում նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները: Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։
Մեծերը Մեծարենցի մասին 
Պոլսի թերթերից մեկում այսպես է նկարագրվում Մեծարենցի արտաքինը. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ…»։ Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է. «Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց,մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի, կը սպառի…»։
«Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:
«Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտությունը կզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու»:
Միսաք Մեծարենց
«…Մեծարենցի պոեզիան ազնիվ կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը»:
Վահագն Դավթյան
«…Մեր երկրին նկարագեղ քաղցրությունները, մեր հոգիին ընդոծին դալկությունները, մեր շնորհն ու տրտմանուշ երազանքները սքանչելի ծաղիկներու նման կը բուսնին անոր (Մեծարենցի) արնաշաղախ էջերուն»:
Հակոբ  Օշական
«Արյուն է եղել աշխարհում: – Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»:
Եղիշե Չարենց
Մեծարենցի գրական ժառանգությունը 
Միսաք Մեծարենցն իր մեղեդային բանաստեղծություններով նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան. ստեղծել է բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, կատարելության հասցրել ոտանավորի ձևերը:
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։ 1907 թվականին նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։ Մ. Պեշիկթաշլյանից և Պետրոս Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։
Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները չէին ունենա իրենց ազդեցիկ ուժը, եթե դրանց ասելիքի խորությունն ու նրբությունը չզուգակցվեին ձևի կատարելության հետ։ Անսպասելի պատկերները յուրահատուկ գրավչություն են հաղորդում նրա ասելիքին և օգնում են, որ իրերն ու իրերի փոխհարաբերությունը տեսանելի լինի մի նոր լույսի տակ։ Մեծարենցի բանաստեղծություններում տրամադրություն ստեղծողները մակդիրներն են, համեմատությունները և փոխաբերությունները։ Մեծարենցի ստեղծագործություններում գերակշռում են առարկաներ ու հատկանիշների անսովոր և հետաքրքիր համադրությամբ ստեղծված փոխհարաբերությունները։ Օրինակ՝ գինով վարդեր, բոցե թևեր, բազմալեզու տենդ, հոսող գիշեր, հոսող լույս, բոսոր իղձեր։ Մեծարենցի բանարվեստի առանձնահատկություններից են վերնագրերի կրկնությունը։
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինր արբեցությամբ…»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»՝ Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցվեցին ոտանավորի ձևերը։
Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։
Մեծարենցը սիրում էր գիշերը։ Գիշերային մենակությունը, հանգստությունն ու լռությունը։ Այդ իսկ պատճառով էլ նա շատ էր գրում գիշերվա մասին։ Օրինակ՝ «Ձմրան պարզ գիշեր»-ը։

Комментариев нет:

Отправить комментарий