четверг, 13 октября 2016 г.

Ներսես Շնորհալի

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեայ:
Բխումն ի Հօրէ, բխեա ի հոգւույս, բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ, գտող զիս արա:
Դուռն ողորմութեան, դավանողիս բաց, դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն, եղելոց խնամող և ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, յօգնել, զարթո ըզթմրեալս, զուարթնոց նմանիլ:
Էդ հայր անսկիզբն, էակից որդի, է միշտ սուրբ հոգի:
Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր:
Թագաւոր փառաց, թողութեանց տւող, թող ինձ ըզհանցանս:
Ժողովող բարեաց, ժողովեա և զիս, ժողովս անդրանկաց:
Ի քէն Տէր հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լեր կեանք մեռելոյս, լոյս խավարելոյս, լուծանող ցավոյս:
Խորհրդոց գիտող, խաւարիս շնորհեա, խորհուրդ լուսաւոր:
Ծնունդ Հոր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ, ծագեայ լոյս փառաց:
Կենարար փրկիչ, կեցո ըզմեռեալս, կանգնեա զգլորեալս:
Հաստեա հաւատո, հաստատեա հուսով, հիմնեցո սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ, ձիր բարեաց շնորհեա:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավար ճարտար, զօղեալս ամրացո:
Ճառագայթ փառաց, ճանապարհ ինձ ցոյց, ճեպել ի յերկինս:
Միածինդ Հօր, մոյծ զիս յառագաստ, մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք, յահագին աւուրն, հիշեա զիս Քրիստոս:
Նորոգող հնութեանց, նորոգեա և զիս, նորոգ զարդարեա:
Շնորհատու բարեաց, շնորհեա զքաւութիւն, շնորհեա զթողութիւն:
Ուրախացո Տէր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին, չար սերմանց նորին, չորացո զպտուղն:
Պարգևիչ բարեաց, պարգեւեա իմոց, պարտեացս թողութիւն:
Ջուր շնորհեա աչացս, ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել ըզհանցանս:
Ռետինդ քաղցու, ռամ հոգւոյս արբո, ռահ ցոյո ինձ լուսոյ:
Սեր անուն Յիսուս, սիրով քո ճմլեա, սիրտ իմ քարեղեն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան, վերստին կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ, տուր ինձ յագենալ, Տեր Յիսուս Քրիստոս:
Րաբունդ երկնաւոր, րոտեա զաշակերտս, րաժից երկնայնոց:
Ցող արեան Քո, Տեր, զօղեա ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Իիւծեալս մեղօք, ւիւծեալ աղաչեմ, ւիւսել ինչ բարիս:
Փրկիչ բոլորից, փութա զիս փրկել, փորձութեանց մեղաց:
Քաւիչ յանցանաց, քաւեա զօրհնաբանս, Քեզ երգելիս քեզ համար։


Կենսագրություն

Ներսես Շնորհալին ծնվել է 1098 թ, Կիլիկիայի Ծովք ամրոցում, բերդատեր իշխան Ապիրատ Պահլավունու ընտանիքում։ Ներսեսը հիմնավոր կրթություն է ստանում Սև լեռան վանքերում։ 1130 թվականից նա եպիսկոպոս էր, իսկ 1166 թ. ընտրվում է կաթողիկոս, 1147 թվականից մինչև իր կյանքի վերջը, 1173 թ., նա ապրում և ծստեղծագործում է Հռոմկլա ամրոցում, այդ պատճառով հաճախ կոչվում է նաև Կլայեցի։

Ստեղծագործական լայն կապեր ուներ Շնորհալին հայ մշակույթի ու գիտության ականավոր գործիչների հետ: Բժշկապետ Մխիթար Հերացու խնդրանքով, օրինակ, նա գրեց «Յաղագս երկնից և զարդուց նորա» քերթվածը, իսկ մանրանկարիչ Գրիգոր Մլիճեցին Շնորհալու պատվերով ձեռագրեր էր ծաղկում, և այլն։ Բայց ժամանակի առաջավոր այս դեմքերի համագործակցությունը ավելի լայն ու մեծ ծավալ ուներ, դա գիտության ու մշակույթի աշխարհականացման շարժում էր, որի մեջ վճռական դեր էր կատարում Ներսես Շնորհալին։

Շնորհալին այն գրողներից է, որոնց երկերը հրատարակվել են դեռևս հայ տպագրության արշալույսին՝ XVI դարում։ Մատենագրության մեջ պահպանվել են նրան նվիրված մի շարք երկեր։ Բացի Ներսես Լամբրոնացու ծավալուն պոեմից, գրվել են նաև այլ չափածո ու արձակ գործեր, մասնավորապես 1240 թվականին՝ կենսագրությունը։ Դա պատահական չէ։ Իր ավելի քան հիսնամյա ստեղծագործական կյանքը մեծ գործիչը նվիրաբերեց հայրենիքին։

Ներսես Շնորհալին գրականության կոչումը տեսնում էր ժողովրդի բարօրությանը ծառայելու, «նիրհած հոգիները» արթնացնելու, մարդկանց կրթելու մեջ։ Լինելով մեծ բանաստեղծ, նա չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ, ուստի անտարբեր չէր նաև անցյալի հանդեպ։ Ընթերցողի մեջ նա վերակենդանացնում էր նվիրական հիշատակներ, որոնք ժամանակին հուզող խնդիրների կապակցությամբ դաստիարակիչ նշանակություն կունենային։ Նրա երգերի ու շարականների, ինչպես և մյուս գրվածքների մեջ նկատելի է ոսկեդարյան մատենագրության, հատկապես Եղիշեի հայրենաշունչ Պատմության ազդեցությունը։ Շնորհալին հպարտությամբ է ոգեկոչում Տիգրան Մեծին, 
Ավարայրի հերոսներին, գիտության ու մշակույթի խոշոր գործիչներին։ Նկատելի էր 
հատկապես բանաստեղծի՝ պատմական դեմքեր ու իրադարձություններ, ժամանակակից քաղաքական անցուդարձեր պատկերելու հակումը։



Հանելուկներ



* * *
Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:
(Դուռ)
* * *
Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:
(Ձուկ)
* * *
Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:
(Մրջյուն)
* * *
Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:
(Սագ)

Комментариев нет:

Отправить комментарий